Միլանի «Ինտերը» Իտալիայի առաջնության 4-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզեին» և 5:3 հաշվով հաղթանակ տարել:
9-րդ րոպեին հաշիվը բացել է «Ուդինեզեի» պաշտպան Ջեյմս Աբանկվան։ Յոթ րոպե անց հյուրերի առավելությունը կրկնապատկել է կիսապաշտպան Յուրգեն Էկելենկամպը։ 26-րդ րոպեին «Ինտերի» պաշտպան Կառլոս Աուգուստոն կրճատել է հաշվի տարբերությունը։ 35-րդ րոպեին միլանյան թիմի կիսապաշտպան Նիկոլո Բարելան հավասարեցրել է հաշիվը։
57-րդ րոպեին հարձակվող Մարկուս Թյուրամը «Ինտերին» առաջ է մղել հաշվի մեջ։ 67-րդ րոպեին հարձակվող Ֆրանչեսկո Էսպոզիտոն չորրորդ գնդակն է ուղարկել «Ուդինեզեի» դարպասը։ 79-րդ րոպեին Անժ-Յոան Բոնին հաշիվը դարձրել է 5:2։ Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում հյուրերի հարձակվող Իդրիսա Գեյեն խփել է «Ուդինեզեի» երրորդ գոլը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 5:3։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի կազմում խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվել է 62-րդ րոպեին։ Նա նաև դեղին քարտ է ստացել։
Քրիստիան Կիվուի թիմն Ա Սերիայի մրցաշրջանի մեկնարկից ի վեր դեռ չի պարտվել և 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ «Ուդինեզեն» իր ակտիվում ունի 4 միավոր և 13-րդ տեղում է։
Հաջորդ տուրում «Ինտերը» սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում կհանդիպի «Ռոմայի» հետ, իսկ «Ուդինեզեն» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Կալյարիին»։