Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյան՝ արծաթե մեդալակիրներ
ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը նվաճել են արծաթե մեդալներ։
72 կգ քաշային կարգում Գասպար Տերտերյանը եզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում 3։4 հաշվով զիջել է Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովին՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։
Մինչև եզրափակիչ հասնելը հայ ըմբիշը կիսաեզրափակչում 3։2 հաշվով առավելության էր հասել Կոլումբիայի ներկայացուցիչ Նիլսոն Սինիստերայի նկատմամբ։
82 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Մարտիկ Պետրոսյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 1։2 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Աբոլֆազլ Մոհամադիին և նվաճել արծաթե մեդալ։
Կիսաեզրափակիչ փուլում Պետրոսյանը 3։1 հաշվով հաղթել էր Շվեդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Յոհանսոնին։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում 1-5 հաշվով պարտվել է մեծահասակների Եվրոպայի գործող չեմպիոն Լևենտե Լևային ու այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: