Սամբոյի ֆեդերացիային հատկացվել է 22.5 մլն դրամ․ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է մարզիկներից գումար պահանջելու հարցը
Հունաստանում կայանալիք Սամբոյի աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորման առնչությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է: ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ հոկտեմբերի սկզբին կայանալիք Աշխարհի առաջնությանն ընդառաջ՝ Սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը ազգային հավաքականի մարզիկներից պահանջում է վճարել 600,000-ական դրամ՝ միջազգային մրցումների ուղարկելու համար։
«ԿԳՄՍ նախարարության և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2026 թվականին ֆեդերացիային արդեն իսկ հատկացվել է շուրջ 22.5 մլն դրամի դրամաշնորհ՝ տարբեր սպորտային միջոցառումներին սամբոյի մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով:
Նախարարությունը տեղեկացվել է, որ հարկային ստուգումների արդյունքում ֆեդերացիայում հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրներ են առաջացել, և պայմանավորված մեկնարկած իրավական գործընթացներով՝ ֆեդերացիան հատկացված ֆինանսական միջոցների հասանելիության առումով ուներ սահմանափակումներ:
Հարցը քննարկվել է ֆեդերացիայի հետ, և ըստ ներկայացված տեղեկատվության՝ առաջացած խնդիրներն այս պահին կարգավորվում են։ Նախարարությունն առաջիկա օրերին հնարավորություն կունենա սահմանված կարգով ապահովել Հունաստանի Սալոնիկի քաղաքում աշխարհի դեռահասների, պատանիների, երիտասարդների սամբոյի առաջնությանը ՀՀ մարզիկների մասնակցության ֆինանսավորումը՝ համաձայն ֆեդերացիայի հետ կնքված պայմանագրի»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: