Հենրիխ Մխիթարյանը եվրագավաթների պատմության ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում 14-րդն է
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է եվրագավաթային մրցաշարերի պատմության մեջ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստների շարքում։
Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանը «Ինտերը» մեկնարկել է «Ռեալի» հետ արտագնա խաղով և 1:2 հաշվով զիջել մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 83-րդ րոպեին փոխարինման է մտել՝ այդ կերպ եվրագավաթներում անցկացրած հանդիպումների թիվը հասցնելով 163-ի: Այս ցուցանիշով նա ընդգրկվել է պատմության լավագույն 14 ֆուտբոլիստների շարքում։
ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերում Մխիթարյանի անցկացրած խաղերը՝
Չեմպիոնների լիգա՝ 86 հանդիպում,
Եվրոպա լիգա՝ 65 հանդիպում,
Կոնֆերենցիաների լիգա՝ 11 հանդիպում,
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ՝ 1 հանդիպում։
Ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիների» կիսապաշտպանը հնարավորություն ունի շրջանցելու այնպիսի լեգենդար ֆուտբոլիստների, ինչպիսիք են Լիոնել Մեսին և Թոմաս Մյուլերը, որոնք եվրագավաթներում անցկացրել են 167-ական հանդիպում, և մոտենալու լավագույն տասնյակին։