Երևանում կայացել է Ավանդական Կարատեի Արարատ գավաթ միջազգային մրցաշարը
Երևանում կայացել է Ավանդական Կարատեի «Արարատ գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են պատվիրակություններ Բրազիլիայից, Սլովենիայից, Եգիպտոսից, Ուզբեկստանից։ Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցել է 300 մարզիկ։ Մեդալային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել Հայաստանը։ Երկրորդ տեղը գրավել է Եգիպտոսը, երրորդ տեղում՝ Ուզբեկստանը։
Մրցաշարին նախորդել է միջազգային մեծ սեմինարը, որն անցկացրել է միջազգային ավանդական կարատեի ֆեդերացիայի (ITKF) նախագահ, սև գոտի 8-րդ դան Ժիլբերտո Գաերտները Բրազիլիայից։
Հայաստանի Ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանը բարձր է գնահատում մրցաշարի անցկացումը․
«Արարատ գավաթ մրցաշարն անցկացվում է 6-րդ տարին անընդմեջ։ Այս տարի ևս մեր մարզիկները տպավորիչ արդյունքներ ցույց տվեցին։ Շնորհակալ եմ բոլոր մարզիկներին մասնակցության համար։
Այս տարվա մրցաշարը առանձնահատուկ էր նրանով, որ ներկա էին ITKF-ի նախագահը, ITKF Եվրոպայի նախագահը և ITKF Աֆրիկայի նախագահը։ Նրանց ներկայությունը մեծ պատիվ էր Հայաստանի համար, հատկապես հաշվի առնելով, որ նրանք Հայաստան էին ժամանել սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ՝ մասնակցելու այս կարևոր մարզական իրադարձությանը։
Նրանք բարձր գնահատեցին մրցաշարի կազմակերպման մակարդակը՝ հատկապես ընդգծելով մարզիկների բարձր պատրաստվածությունը, ուժեղ մրցակցությունը և ցուցադրված տեխնիկական վարպետությունը։
Հատկանշական է նաև, որ հաջորդ տարի Երևանը կհյուրընկալի ITKF Ասիայի առաջնությունը, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային կազմակերպության վստահության և ֆեդերացիայի բարձր հեղինակության մասին»,-ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Մաթևոսյանը։