Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշանակվել է լիբանանյան «Ալ Նեժմե» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 52-ամյա հայ մասնագետը, որն ունի մարզչական բարձրագույն՝ UEFA Pro արտոնագիր, հայկական ֆուտբոլի պատմության ամենահայտնի մարզիչներից մեկն է և հարուստ փորձ ունի ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների մակարդակում։
Մինասյանը Հայաստանի ազգային հավաքականը գլխավորել է երկու ժամանակահատվածում՝ 2009-2013 թվականներին և 2018 թվականին։ Նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը պատմական արդյունք է գրանցել՝ Եվրո-2012-ի ընտրական փուլում զբաղեցնելով խմբի երրորդ հորիզոնականը։
Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հավաքականը զգալի առաջընթաց է գրանցել նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում՝ 2010 թվականի 103-րդ հորիզոնականից 2013 թվականին բարձրանալով 38-րդ տեղ, որն այդ ժամանակ հավաքականի պատմության լավագույն ցուցանիշն էր։
Ակումբային մակարդակում Մինասյանը հինգ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն՝ երեք անգամ Երևանի «Փյունիկի», երկու անգամ՝ «Արարատ-Արմենիայի» հետ։ Նա նաև երեք անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և չորս անգամ՝ Սուպերգավաթը։
Մարզչական կարիերայի ընթացքում Մինասյանը չորս անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիչ։
2019 թվականին նրա գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» պատմական հաջողության է հասել՝ դառնալով առաջին հայկական ակումբը, որը նվաճել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար անցկացվող փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։
Հայ մասնագետը մարզչական աշխատանքի փորձ ունի նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ Ղազախստանում և Վրաստանում։
««Ալ Նեժմե» ակումբի ղեկավարությունը ողջունում է Վարդան Մինասյանին նրա երկրորդ հայրենիքում՝ Լիբանանում, և հաջողություններ մաղթել նոր պաշտոնում՝ հույս հայտնելով, որ նրա գլխավորությամբ թիմը կկարողանա արդարացնել ակումբի և բազմահազար երկրպագուների սպասելիքները, ինչպես նաև շարունակել հաղթանակների ու տիտղոսների նվաճման ճանապարհը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։