BazaResidence
ՉԼ. Արարատ-Արմենիան Երևանում ֆանտաստիկ հաղթանակ տարավ Շեմրոկ Ռովերսի նկատմամբ| Հայկ Մինասյանը և Աիդա Ազատյանը՝ հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի երիտասարդների աշխարհի առաջնության հաղթողներ| ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպում| Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում| Պատանի ըմբիշները Բաքվում կմասնակցեն աշխարհի Մ17 առաջնությանը| Փյունիկը ժամանել է Հունգարիա|
Մեկնարկում են Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման աշխատանքները
25 Հունիս 2026

Մեկնարկում են Իջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտի կառուցման աշխատանքները

Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ միջոցներ կհատկացվեն: Այս նպատակով պետական բյուջեում կկատարվի 177 միլիոն 828 հազար դրամի վերաբաշխում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ Վրաստանի հետ համատեղ Ֆուտբոլի աշխարհի Մ20 տարեկանների 2029 թվականի աշխարհի առաջնության անցկացման հայտի հաստատման հիմնական պայմաններից մեկը Հայաստանում ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի մարզադաշտերի առկայությունն էր։

Այսօրվա որոշմամբ մեկնարկում է նաև Իջևանում համապատասխան մարզադաշտի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերման գործընթացը։ Արդյունքում հնարավոր կլինի հրատապ կարգով մեկնարկել 10 հազար հանդիսականի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցման ծրագիրը՝ ապահովելով դրա ավարտը մինչև 2029 թվականի հունվարը՝ առաջնության մեկնարկից առնվազն վեց ամիս առաջ։

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշմամբ արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ հողատարածքը՝ այն գնելով 20 սեփականատերերից և տրամադրելով համապատասխան ֆինանսական միջոցները։

Մարզադաշտի նախագծման աշխատանքները վստահվել է միջազգային փորձ ունեցող «Վենյուերա Հոլդինգ» ՍՊԸ-ին, որն արդեն ներգրավված է Վանաձորի մարզադաշտի վերակառուցման ծրագրում։ Ընկերությունն իրականացրել է մի շարք հեղինակավոր նախագծեր, այդ թվում՝ Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտը, որտեղ անցկացվել են Եվրո-2020-ի խմբային փուլի երեք և 1/8 եզրափակչի մեկ հանդիպում, Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլլահ Սպորտ Սիթի» մարզադաշտը, որտեղ անցկացվել է 2023 թվականի աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտը, որտեղ 2018 թվականին անցկացվել են ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հանդիպումներ։

«Գործ ունենք մի ընկերության հետ, որն ունի այս մակարդակի և ստանդարտի մարզադաշտերի նախագծման և կառուցման մեծ փորձ։ Ներկայում նաև բանակցություններ են ընթանում ընկերության հետ՝ շինարարական աշխատանքների իրականացման շուրջ։ Այս բոլոր քայլերի նպատակն է, հաշվի առնելով առաջնության անցկացման ժամկետներն ու աշխատանքների ծավալը, ընտրել լավագույն լուծումները»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ հաջորդիվ Կառավարության քննարկմանը կներկայացվեն նաև շինարարության փուլին վերաբերող նախագծերը։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ արդեն հաստատվել է առաջնության ձևաչափը։ Մրցաշարին կմասնակցի 24 թիմ, ընդհանուր առմամբ կանցկացվի 52 հանդիպում, որոնցից 26-ը՝ Վրաստանում, 26-ը՝ Հայաստանում։ Հայաստանում կայանալիք հանդիպումներից 9-ը կանցկացվեն Վանաձորում և Իջևանում, իսկ 17-ը՝ Երևանում։

«Վանաձորում և Իջևանում խաղացող թիմերը կտեղակայվեն Դիլիջանում։ Այս ուղղությամբ ևս մեծ աշխատանք ունենք անելու, քանի որ միայն թիմերի և պատվիրակությունների տեղավորման համար կպահանջվի շուրջ 7 հյուրանոցային համալիր։ Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են»,- տեղեկացրել է է ԿԳՄՍ նախարարը:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթել է ավստրիական թիմին
Հաջորդ հոդվածը
Պորտուգալացի դարպասապահը պայմանագիր է կնքել Նոայի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։