Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը 7 գոլ է ընդունել Թուրքիայի հասակակիցներից| Հայաստանի Գավաթ․ 1/8 եզրափակիչի մրցավարներն ու պատվիրակները| Կարելի է ասել՝ մենք նոր ռեկորդ սահմանեցինք. Արթուր Դավթյանն՝ աշխարհի առաջնության մասին| Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում| Հայաստանի Գավաթ․ Վանը լրացուցիչ ժամանակում գերազանցեց Գանձասարին| Արարատ-Արմենիա - Նոա՝ 2։1․ Մանուել Տուլիպայի հետխաղային ասուլիսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ|
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
06 Հունիս 2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից:

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը:

Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային կարևորագույն հաջողությունների կապակցությամբ և ընդգծել՝ առաջին անգամ հայ մարմնամարզիկները Եվրոպայի նույն առաջնությունում երկու ոսկե մեդալ են նվաճել: Նա երախտագիտություն է հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար․ «Ձեր յուրաքանչյուր հաղթանակ շատ ոգևորիչ է և մեծ հպարտություն է պարգևում բոլորիս: Ամբողջ ազգն է ուրախանում ձեր հաջողություններով և, անկասկած, հեռուստաէկրաններից այն կողմ փոխանցում իր ամենաջերմ մաղթանքներն ու զգացողությունները»։

Հասմիկ Ավագյանը նաև շեշտել է՝ մարզիկների մարդկային արժանիքները, մարզիչների և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմի անգնահատելի ներդրումը կարևոր են մարզաձևի զարգացման և նոր հաջողությունների կերտման ճանապարհին:

Հիշեցնենք՝ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը, արծաթե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը, իսկ Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանի խոսքով՝ մարզիկներն այս առաջնությունում արել են անհնարինը հաղթանակի հասնելու համար:

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանի համար Եվրոպայի առաջնությունը մեծահասակների պայքարում նորամուտի մրցաշար էր, որտեղ նա ոսկե մեդալ նվաճեց։ Նորընծա չեմպիոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար՝ նշելով, որ ուրախ է ոչ միայն իր մեդալի, այլև ամբողջ թիմի գրանցած արդյունքների համար:

«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների առաջնությանն ու անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ես և ընկերս կանգնեցինք պատվո հարթակի առաջին երկու աստիճաններին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք բարձրացնել մեր երկրի դրոշն ու հնչեցնել օրհներգը»,- ասել է Համլետ Մանուկյանը՝ ընդգծելով նաև հավաքականի ավագ մարզիկների աջակցության կարևորությունը:

ԵԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը նշել է՝ մեծահասակների առաջնությունում նորամուտը կրկնակի մեծացրել էր պատասխանատվության զգացումը. «Մեծահասակների պայքարում մրցակցությունն ու զգացողությունները բոլորովին այլ են: Ներդրել ենք մեր ամբողջ ուժերը, և ուրախ եմ, որ հաջողության հասանք: Առանց մեր ավագ ընկերների աջակցության՝ գուցե այս ամենը չլիներ»:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Ավետիսյանն էլ հույս է հայտնել՝ սա նոր հաջողությունների սկիզբ կդառնա. «Իսկապես, շատ ուրախ եմ այս մեդալի համար: Մինչ այս անընդհատ չէր ստացվում մեդալ նվաճել: Վիրահատությունից հետո տարիներ շարունակ չէի կարողանում լիարժեք վերականգնվել: Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Ուսանողական խաղերում 4-րդ տեղն էի զբաղեցրել և շատ ուրախ եմ, որ վերջապես սառույցը կոտրվեց: Հուսով եմ՝ սա նոր հաջողությունների սկիզբ կլինի»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզաձևի զարգացմանն ուղղված տարաբնույթ հարցեր: Մարմնամարզիկներն առաջիկայում կմասնակցեն World Challenge Cup-ին, իսկ հոկտեմբերին կանցկացվի տարվա կարևորագույն ստուգատեսը՝ մարմնամարզության աշխարհի առաջնությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հաջողություններ է մաղթել մարմնամարզիկներին առաջիկա մրցելույթներում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ մարզաձևի շարունակական զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը:

Նախորդ հոդվածը
Վահե Գևորգյանը՝ FASTEX ՀՊԼ մայիսի լավագույն մարզիչ
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուն ու ևս 2 ֆուտբոլիստ հեռանում են թիմից

Ֆեյսբուքյան էջ

Թեմայի մեջ

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Արթուր…
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Մարմնամարզիկ Համլետ…
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
Հաստատվել է Mix Fight…
RAF. Արման Ծառուկյանը նվաճեց չեմպիոնական գոտին
Այլ / 24 Հոկտեմբեր 2026
RAF. Արման Ծառուկյանը…

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։