Դմիտրի Գունկոն՝ Փյունիկի նոր գլխավոր մարզիչ | Բռնցքամարտիկները Մոնտենեգրոյում կմասնակցեն ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը| Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում| Առանց Չանչարևիչի և Շաղոյանի. Հայաստանի հավաքականը Կիպրոսում է| Փյունիկը նոր համալրումներ ունի| Մ21. Հայաստան-Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով|
Դմիտրի Գունկոն՝ Փյունիկի նոր գլխավոր մարզիչ
Այսօր 14:25

Դմիտրի Գունկոն՝ Փյունիկի նոր գլխավոր մարզիչ

Ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Որպես ֆուտբոլիստ Դմիտրի Գունկոն ժամանակին հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» երկրորդ թիմում, «Տյումենում», «Սպարտակ-Չուկոտկայում», Տուլայի «Արսենալում» և Վլադիմիրի «Տորպեդոյում»։

Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո նա երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Սպարտակի» համակարգում՝ գլխավորելով կարմրասպիտակների երիտասարդական թիմը, որը Գունկոյի ղեկավարությամբ 2 անգամ դարձել է Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն։

2014 թվականի մարտին Վալերի Կարպինի հեռացումից հետո, Դմիտրի Գունկոն նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար և Ռուսաստանի ամենատիտղոսակիր թիմի ղեկին աշխատել է մինչև մրցաշրջանի ավարտը։ Ավելորդ չէ նշել, որ այդ ժամանակ նրա գլխավորությամբ «Սպարտակում» հանդես էին գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսն ու Յուրա Մովսիսյանը։

2020 թվականի օգոստոսին ռուս մասնագետը գլխավորել է մերձմոսկովյան «Խիմկին», սակայն կարճ ժամանակ անց հեռացել է զբաղեցրած պաշտոնից։

Այնուհետև Դմիտրի Գունկոն սկսել է մարզչական գործունեություն ծավալել հայկական թիմերում և որպես մարզիչ առավելապես հաջողությունների է հասել հենց Հայաստանում աշխատելու ընթացքում։

2020 թվականի նոյեմբերին Գունկոն նշանակվել է «Նոայի» գլխավոր մարզիչ ու նույն մրցաշրջանում թիմի հետ դարձել է Հայաստանի փոխչեմպիոն։

Հաջորդ մրցաշրջանում նա գլխավորել է «Արարատ-Արմենիան» և Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 թթ․ մրցաշրջանում՝ այս անգամ արդեն «Արարատ-Արմենիայի» հետ դարձել է առաջնության փոխչեմպիոն՝ մեկ միավորով զիջելով չեմպիոնի կոչումը նվաճած «Փյունիկին»։

2022 թվականի հունիսին Գունկոն նշանակվել է «Ուրարտուի» գլխավոր մարզիչ, և 2022/23 թթ․ մրցաշրջանում թիմի հետ նվաճել է «ոսկե դուբլ»՝ դառնալով Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։

Այդ մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել էր նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ։

2025 թվականի հունիսին Գունկոն 3 տարի աշխատելուց հետո հեռացել է «Ուրարտուից»։ Ընդհանուր առմամբ, նրա գլխավորությամբ «Ուրարտուն» անցկացրած 119 խաղում տարել է 66 հաղթանակ, գրանցել 22 ոչ-ոքի և կրել 31 պարտություն։

Դմիտրի Գունկոյի նախորդ աշխատավայրը եղել է Տուլայի «Արսենալը», որը նա գլխավորել է 2025 թվականի հունիսին։ Գունկոյի գլխավորությամբ՝ «զինագործները» Ռուսաստանի Առաջին լիգայի նախորդ առաջնությունում զբաղեցրել են 13-րդ տեղը։ Այս տարվա սեպտեմբերին 50-ամյա մասնագետը լքել է Տուլայի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը։

Նշենք, որ Դմիտրի Գունկոյի մարզչական շտաբում ընդգրկված կլինեն Դմիտրի Կուդրյաշովը, Նիկոլայ Տյունինը և Իգոր Մենշչիկովը։ Թիմի մարզչական շտաբում իրենց աշխատանքը կշարունակեն նաև գլխավոր մարզչի օգնական Արթուր Ավագյանը և ֆիզպատրաստության մարզիչ Չիրո Հոսեյնի Վարդեին։

 

Նախորդ հոդվածը
Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։