Յուվենտուսից մինչև Բեշիքթաշ․ Արարատ-Արմենիայի հնարավոր մրցակիցները Եվրոպա լիգայում
Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» և նվաճել մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր։
Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով, և երկու խաղերի հանրագումարում հայկական ակումբը հաղթել է 2:1 հաշվով։ Պատասխան հանդիպման միակ գոլը խփել է Սանդրո Լիման՝ ավելացված ժամանակում։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» դարձել է հայկական ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որը հանդես կգա Եվրոպա լիգայի լիգայի փուլում։
Օգոստոսի 28-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, Մոնակոյում կկայանա Եվրոպա լիգայի լիգայի փուլի վիճակահանությունը։
36 մասնակիցները, ըստ UEFA-ի ակումբային գործակցի, բաժանվել են 4 զամբյուղի՝ յուրաքանչյուրում 9 թիմ։ «Արարատ-Արմենիան» ընդգրկված է 4-րդ զամբյուղում։
1-ին զամբյուղ
«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Միլան» (Իտալիա), «Լիոն» (Ֆրանսիա), ԱԶ Ալկմար (Նիդերլանդներ), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Մարսել» (Ֆրանսիա)։
2-րդ զամբյուղ
«Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա), «Յունիոն Սեն Ժիլուազ» (Բելգիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Սելթիկ» (Շոտլանդիա), «Սպարտա Պրահա» (Չեխիա), «Ռեն» (Ֆրանսիա), «Անդերլեխտ» (Բելգիա)։
3-րդ զամբյուղ
«Շտուրմ» (Ավստրիա), «Լեխ Պոզնան» (Լեհաստան), «Քրիսթալ Փելաս» (Անգլիա), «Բորնմութ» (Անգլիա), «Սանդերլենդ» (Անգլիա), «Ցելյե» (Սլովենիա), «Յագելոնիա» (Լեհաստան), «Օմոնիա» (Կիպրոս), «Սելտա» (Իսպանիա)։
4-րդ զամբյուղ
«Հոֆենհայմ» (Գերմանիա), «Բեշիքթաշ» (Թուրքիա), «Տորեենսե» (Պորտուգալիա), «Հապոել Բեեր Շևա» (Իսրայել), ՆԵԿ (Նիդերլանդներ), ՕՖԻ (Հունաստան), «Լիլեստրոմ» (Նորվեգիա), «Լևսկի» (Բուլղարիա), «Արարատ-Արմենիա» (Հայաստան)։

Վիճակահանության արդյունքում «Արարատ-Արմենիան» կստանա 8 տարբեր մրցակից՝ յուրաքանչյուր զամբյուղից երկուական։ Յուրաքանչյուր զամբյուղից մեկ մրցակցի դեմ հայկական ակումբը կխաղա սեփական հարկի տակ, մյուսի դեմ՝ արտագնա։ Այսպիսով, լիգայի փուլում Հայաստանի չեմպիոնը կանցկացնի 8 հանդիպում՝ 4-ը տանը և 4-ը՝ մրցակցի հարկի տակ։
Ընդ որում՝ 4-րդ զամբյուղում ընդգրկված լինելը չի նշանակում, որ «Արարատ-Արմենիան» չի կարող խաղալ նույն զամբյուղի թիմերի դեմ. վիճակահանությամբ այն երկու մրցակից է ստանալու նաև սեփական՝ 4-րդ զամբյուղից։
Վիճակահանությունը կանցկացվի կիսաավտոմատացված սկզբունքով․ թիմն ընտրվում է վիճակահանությամբ, իսկ համակարգչային համակարգը որոշում է նրա 8 մրցակիցներին և այն, թե հանդիպումներից որոնք են անցկացվելու տանը, որոնք՝ արտագնա։ Յուրաքանչյուր թիմ կարող է առավելագույնը երկու մրցակից ունենալ նույն երկրի առաջնությունից։
Եվրոպա լիգայի Լիգայի փուլի առաջին հանդիպումները կկայանան սեպտեմբերի 16-17-ին։ 36 թիմերը կձևավորեն մեկ ընդհանուր մրցաշարային աղյուսակ։ Լիգայի փուլի ավարտից հետո առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերն անմիջապես կնվաճեն 1/8 եզրափակչի ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերը զբաղեցրած ակումբները կշարունակեն պայքարը փլեյ-օֆֆ փուլում։